Հարուկի Մուրակամի «Սառցե մարդը»

murakami

Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որ մարդաշատ էր` լի երիտասարդների ամբոխով: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքի մեջ կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե´ս, Սառցե մարդն է», – շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից», – ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր:
Սառցե մարդը երիտասարդ էր, չնայած նրա կոշտ, լարանման մազերի մեջ տեղ-տեղ կարելի էր նկատել կիսահալ ձյուն հիշեցնող սպիտակ մազափնջեր: Նա բարձրահասակ էր, սառած ժայռաբեկորներ հիշեցնող դուրս ցցված այտոսկրերով, մատները ծածկված էին երբեք չհալվող սառցաշերտով: Մնացած ոչնչով չէր տարբերվում սովորական մարդուց: Ճիշտ է` գեղեցիկ նրան չես համարի, թեև ոմանց, գուցե, նրա արտաքինը բավականին գրավիչ թվար: Նրա մեջ կար մի բան, որ ստիպում էր փշաքաղվել: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին. կյանքի միակ նշույլը` այդ ժամանակավոր մարմնում: Որոշ ժամանակ ես կանգնած էի նախասրահում` հեռվից հայացքս հառած Սառցե մարդու վրա: Նա կլանված էր գրքի մեջ, չէր շարժվում և գլուխն անգամ չէր բարձրացնում` ասես փորձելով համոզել ինքն իրեն, որ բոլորովին մենակ է: (далее…)