Ինչպես գրել հոդված

1. Տեքստի շարադրման սկզբունքները

Հոդվածը գրելիս հեղինակը պետք է պատկերացնի, թե որ ընթերցողներին է ուղված լինելու իր հոդվածը: Հեղինակը պետք է այնպես շարադրի միայն իրեն հայտնի նյութը, որ այն պարզ դառնա մնացածների համար: Հոդվածում հատուկ հետազոտությունների ներկայացման դեպքում` հեղինակը պետք է բացատրի ընթերցողին այդ հետազոտության առավել դժվար հատվածները: Եթե հոդվածը հայտնի աշխատությունների կամ այլ հեղինակների աշխատանքների վերլուծողական ակնարկ է, ապա խիստ կարևոր է հրատարակման պատրաստվող հոդվածում հեղինակային վերաբերմունքի, քննադատչական վերլուծությունների, ամփոփումների և համապատասխան հղումների առկայությունը: Այս հանգամանքը առավել կարևորվում է մեր ժամանակներում, քանի որ լայն տարածում է ստացել ինտերնետային կայքերի նյութերից օգտվելը և չեն բացառվում գրագողության դեպքերը:

Հոդված տեքստի շարադրմանը ներկայացվող հիմնական պահանջներն են.

* հստակությունը,
* համառոտությունը,
* մտքի տրամաբանական զարգացումը,
* տրամաբանական ընդհատումների բացակայությունը,
* առավել պարզ տերմինների օգտագործումը,
* երկիմաստ բառերի օգտագործման բացառումը,
* օտարերկրյա տերմիններից խուսափումը,
* մտքի ընկալումը խոչընդոտող ավելորդ բառերից խուսափումը:

2. Հոդվածի վերնագիրը

Հոդվածի վերնագիրը պետք է արտացոլի դրա բովանդակությունը: Ոչ հստակ կամ սխալ վերնագրի պատճառով կարևոր և անհրաժեշտ հոդվածը կարող է մնալ աննկատելի: Վերնագիրը պետք է լինի ոչ շատ երկար, ինչպես նաև դիպուկ արտացոլի այն խնդիրը, որին նվիրված է հոդվածը: Հոդվածի վերնագիրը չպետք է հագեցված լինի ծայրահեղ մասնագիտական տերմիններով, որոնք անհասկանալի կլինեն ընթերցողների լայն զանգվածի համար:

3. Հոդվածի կառուցվածքը

Դժվար է ապահովել մտքի շարադրման միասնություն և պարզություն, եթե հեղինակը չունի նախապես ձևավորված հոդվածի կառուցվածք (պլան):

Հոդվածը ներառում է.
* առանցքային բառեր
* անոտացիա
* ներածություն
* հիմնական մաս (հետազոտության մեթոդիկա, ստացված արդյունքներ, դրանց ֆիզիկական բացատրությունը),
* եզրակացություններ
* գրականության ցանկ (գրականություն):

Առանցքային բառեր

Առանցքային բառերը այն բառերն ու բառակապակցություններն են, ինչպես նաև տերմինները, որոնք արտացոլում են հոդվածի բովանդակությունը կազմող հիմնական մտքերը: Դրանց թիվը սովորաբար կազմում է ոչ ավել, քան 5-8:

Անոտացիա

Անոտացիան համառոտ պատմում է հոդվածի բովանդակությունը: Այն ցույց է տալիս, թե հեղինակի կարծիքով հոդվածում ներկայացված նյութից որն է առավել արժեքավոր և կիրառելի գործնականում: Անոտացիայի շարադրումը պահանջում է համառոտություն և հոդվածի հիմնադրույթների ճիշտ արտացոլում:

Ներածություն

Հոդվածի ներածական մասը կարող է ներառել.
* կատարված հետազոտության արդիականության հիմնավորում,
* հետազոտություն անցկացնելու անհրաժեշտության նախադրյալները արտացոլող պատմական ակնարկ,
* ուսումնասիրվող խնդիրների հետազոտմամբ զբաղվող ժամանակակից և անցյալի հեղինակների աշխատությունների վերլուծություն,
* հետազոտության նպատակը և խնդիրները:

Հիմնական մաս

Կախված հետազոտության առարկայից` հոդվածի հիմնական մասը կարող է ներառել.

* փորձերի կատարման մեթոդիկան, ստացված արդյունքների ճշտության և վերարտադրման հնարավորության գնահատումը, եթե հետազոտությունը կրում է փորձարարական բնույթ,

* մի շարք մեթոդաբանական մոտեցումների, տեսական աշխատությունների, գործնականում ստացված արդյունքների և այլնի վերլուծության արդյունքում առանձնացված նոր գաղափարների, հայեցակարգերի և այլն-ի նկարագրություն,

* իրականացվող հետազոտության այլ արդյունքների, մտորումների, տրամաբանական վերլուծությունների նկարագրություն:

Հետազոտության արդյունքները կամ վերլուծողական բնույթի նկարագրերը ընթերցողի ընկալման համար ավելի մատչելի դարձնելու նպատակով նախընտրելի է աղյուսակների, գրաֆիկների, դիագրամների լայն կիրառումը: Սակայն դրանք չպետք է լինեն խճճված և անհասկանալի: Հոդվածում կարող են արտացոլվել հետազոտության ոչ միայն դրական այլ նաև բացասական արդյունքները, ինչը հատկապես կարևորվում է փորձարարական հետազոտությունների դեպքում:

Եզրակացություններ

Վերջաբանը եզրակացությունն է, որ մեր բերած փաստերի ու փաստարկների վրա է հիմնվում, ամփոփում, ամբողջացնում է ասվածը։

Եզրակացությունները ձևավորվում են ստացված արդյունքների հիման վրա: Դրանք պետք է շարադրված լինեն թեզերի ձևաչափով այնպես, որ թեզերից յուրաքանչյուրը հնարավոր լինի սկսել “Ես պնդում եմ, որ….” բառակապակցությամբ:

Հարկավոր է խուսափել ոչ միայն ավելորդ բառերից ու արտահայտություններից, այլև խանգարող մտքերից։ Բերվող դրույթները հարկավոր է հաստատել հեղինակավոր մարդկանց մտքերով, մեր փորձից քաղած օրինակներով։ Խոսքը պիտի համոզիչ ու հիմնավոր լինի։ Հոդվածում զգացմունքային արտահայտություններն ավելորդ են։ Հարկավոր է ընտրել դիպուկ բառեր, բազմիմաստ բառեր օգտագործելիս պետք է հետևել, որ մյուս իմաստներով այդ բառն անպատեհ չլինի։

Предыдущая запись
Оставьте комментарий

1 комментарий

  1. Sargis

     /  05.11.2017

    Շնորհակալություն ,պատրաստի նմուշներ տեղադրեք հոդվածի վերաբերյալ

    Нравится

    Ответить

Оставьте комментарий