Երգիծական ներկայացում (հունիսյան փառատոն)

Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան)

Եթե մարդն աշխարհ գալիս մի բան չի վերցնում անցյալից և մի բան չի թողնում ապագային, ապա դրան դուրս պիտի գլորել մարդկային շարքից` որպես շինության համար անհարմար կլոր քար:

Գրականության մէջ երկու ժանր կա՝ ողբերգություն և կատակերգություն։ Այն չափով, որ չափով այս երկու ժանրերն ալ հավասարապէս կրնան մարդոց աչքէն արցունք քամել՝ իրենց էությամբ չեն տարբերվեր իրարմէ։ Տարբերությունն ձևական է, ու ես երկար խորհեր եմ, թէ այդ զույգ ձևերէն ո՞րն է գերադաս։ Վերջէն գտեր եմ, որ գերադասը կատակն է։

Կատակով մէկի մը կրնաս «մեծ շուն» ըսել և խաղաղություն ըլլա. բայց լուրջ ձևով եթէ «փոքրիկ լակոտ» անգամ ըսես՝ արյունահեղություն կպատահի։ Ես այս տարբերությունն Չեկայում բռնված ժամանակս զգացի։

Ինձ հետ ձերբակալված թուղթերուն մէջ կային երգիծական գրվածքներ, որք եթէ գրականության երկրորդ տեսակի ժանրով արտահայտված ըլլային, ինձի ամէն օր պիտի գնդակահարէին և օրական երեք անգամ՝ առտուն, կեսօրին և իրիկուն՝ ուտելէ առաջ։ Մինչդեռ այդ գրվածքներու համար ոչ միայն չգնդակահարեցին, այլ «կլյուչնիկէն» մինչև քննիչն ու դատախազ կխնդային անվերջ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ գրվածքներում «մեծ շուն» էի անվանած զիրենք։

Ամբողջ երեսուն տարի մեր սոցիալիստական  կառավարությունը ողբերգության արցունքներով լացուց իր ժողովուրդին։

Իսկ եթէ այսօր հանկարծ Ստալինը խնդա և հայտարարէ իր կառուցած սոցիալիզմն կատակ՝ հրամայէ քանդել բոլոր «կառուցված» սոցիալիզմն ու ամէն մարդ իր գործին անցնի, ան ատեն ժողովուրդն ավելի հորդ արցունք պիտի թափէ, միայն այս անգամ ուրախության արցունքներ։

Ո՛չ, կատակերգությունն ողբերգութենէն գերադաս է, ափսո՜ս, որ մեր կառավարությունն չի ուզեր օգտվել գրական այդ ժանրէն։

Предыдущая запись
Оставьте комментарий

Оставьте комментарий